Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին շնորհակալություն է հայտնել հրավերի համար, սակայն չի մեկնելու Եգիպտոս՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթաժողովին:
Փաստացի, Գազայի շուրջ գագաթնաժողովն անցնելու է առանց Իսրայելի:
Ավելի քան քսան երկրների ղեկավարներ և նախարարներ, կհավաքվեն Շարմ էլ Շեյխում, որպեսզի քննարկեն Գազայի ապագան։ Այնտեղ կլինեն ԱՄՆ-ի, Եվրոպական առաջատար պետությունների, Կատարի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները: Նույնիսկ Նիկոլն է գնալու, իր սիրելի հարևանի հետ։
Կարծում եմ՝ Նեթանյահուի բացակայության միակ ողջամիտ բացատրությունն այն է, որ Իսրայելը ստիպված չի լինելու ստորագրել իր շահերի գոտում կայացված և/կամ կայացվելիք այնպիսի որոշումներ, որոնք չեն բխում ազգային շահերից:
Նշեմ, որ Մերձավորարևելյան գագաթնաժողովի օրակարգում հրադադարի ամրապնդման, ինչպես նաև Գազայի անցումային շրջանի կառավարման հարցեր են:
Վերջերս աշխարհում հաճախ են կազմակերպվում խաղաղության և համագործակցության թեմայով գագաթնաժողովներ կամ հավաքներ, բայց որպես կանոն՝ անօգուտ: Դրանց մասնակցող առանցքային երկրները, առայժմ փորձում են ստեղծել իրավիճակի նկատմամբ քաղաքական վերահսկողության պատրանք, բայց ոչ իրական լուծումներ:
Դատելով Շարմ էլ Շեյխում կայանալիք գագաթնաժողովին նախորդող հայտարարություններից՝
ԱՄՆ-ը, կարծես թե գործում է «գործընթաց հանուն գործընթացի» սկզբունքով։
Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան փորձում են չկորցնել տարածաշրջանային միջնորդի իրենց կարգավիճակը։
Եվրոպան (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա)՝ դիվանագիտական հայտարարություններով ու «հումանիտար կոչերով» դեպի Մերձավոր Արևելք վերադառնալու հնարավորություններ է տեսնում։
Թուրքիան՝ մահմեդական գործոնն ու օսմանյան կայսրության հիշողություններն առաջ տանելով, ինչպես նաև Իրանի դեմ ճնշումներից օգտվելով, փորձում է Միջերկրական ծովից մինչև Միջին Ասիա, նոր տիպի ազդեցության (պանթուրքիզմի) քաղաքական հայտ ներկայացնել։
Ռուսաստանը փորձում է բոլորի խաղաքարտերը խճճել նաև Մերձավոր Արևելքում, հասկացնելով, որ առանց իրենց մասնակցության, ոչ մի ֆունդամենտալ լուծում չի լինելու։
Իրանն իր աջակից ուժերին կորցնելուց, ինչպես նաև ուղիղ հարվածներ ստանալուց հետո, փորձում է մի շարք ազդեցիկ երկրների հետ վերաբանակցել փոխադարձ շահերի գնահատման, համագործակցության և անվտանգության նոր ռեսուրսների ներգրավվման օրակարգերը:
ՆԱՏՕ-ն զբաղված է ՈՒկրաինայի պատերազմն անվերջ երկարաձգելով, ՌԴ դեմ երկրորդ ճակատ բացելու հնարավորություններ փնտրելով, ինչպես նաև ՌԴ և Չինաստանի ռազմաքաղաքական ներուժը տարբեր ռեգիոններում հակակշռելով։
Հնդկաստանն ու Չինաստանը շարունակում են դիստանցավորված մնալ և իրավիճակներից մաքսիմալ օգտվելով, նոր ազդեցության գոտիներ ձևավորել՝ այդ թվում նաև Մերձավոր Արևելքում:
Աֆղանստանի և Պակիստանի միջև սկսվող ռազմական բախումների հեռանկարն էլ դեռ պարզ չէ, թե ինչպես կավարտվի:
Այս ամենի ֆոնին պարզ չէ նաև, թե ո՞վ է տրամադրելու խաղաղության իրական երաշխիքները և ինչպիսի՞ն է լինելու Գազայի ճակատագիրը:
Վերլուծաբաններից մեկը նշել էր, որ Եգիպիպտոսում սպասվող «Հաղթողների գագաթնաժողովը» տեղի կունենա առանց «հաղթողի», այսինքն՝ առանց Իսրայելի մասնակցության։ Իսկ, դա կարող է նշանակել, որ պատերազմը չի ավարտվել: Օգտվելով հրադադարից, Շարմ էլ Շեյխում պարզապես խմբակային սելֆի են անելու:
Պետք է արձանագրել, որ Հարավային Կովկասում հետագա զարգացումներն ուղիղ կապակցված են նաև Մերձավոր Արևելքի ապագային:
Երբ Սերժ Սարգսյանը գնում էր որևէ միջազգային հարթակում միջոցառման մասնակցելու՝ Հայաստանի քաղաքական դաշտը գիտեր, որ երկրի ու ժողովրդի համար անելիք ու ակնկակիք կա: Նիկոլի պարագայում՝ ոչ մի դրական բան, վաղուց ոչ-ոք չի սպասում, բացի հեծանիվ քշելուց:
Նիկոլն ուղղակի գնում է Եգիպտոս մեկ անգամ ևս համոզվելու, որ իր ստորագրած թուղթը բլեֆ է, առանց երաշխիքների խաղաղություն, կամ երաշխավորված խաբեություն:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ